Ես էլ եմ միանում իմ հոգևոր եղբայրների արդար, անձնվեր պայքարին՝ հանուն խաղաղության

Ես էլ եմ միանում իմ հոգևոր եղբայրների արդար, անձնվեր պայքարին՝ հանուն խաղաղության
18.10.2025 | 11:45

Իրապես այսօր մեր երկիրն անցնում է շատ դժվարին փորձություններով և բոլորիս իղձերը կապված են խաղաղության հաստատման հետ: Այս հեռանկարով և պատմության մեջ մնայուն հետք թողնելու ցանկությամբ բավականին լուրջ հայտ է ներկայացրել ՀՀ ներկա վարչակազմը, իսկ նրանց այդ աննախադեպ խաղաղության արշավին համարձակ աջակցություն են հայտնել մի քանի գործող հոգևորականներ և որոշ կարգալույծ հոգևորականներ, որոնց վարքագծի մեջ անգամ նկատելի է մարգարեական ձեռագիր և ձգտում:

Սիրելի գործող ու չգործող հոգևոր հայրեր, դուք իրապես հավատու՞մ եք, որ մեր երկրին կարող է խաղաղություն բերել մի մարդ, ով չի՛ կարողանում անգամ իր ներսում հաստատել խաղաղություն, ով չի՛ կանգնեցրել 44-օրյա պատերազմը, որ իր անունը չարատավորվի...

Քանի դեռ շատ ուշ չէ, բացեք ձեր մտքի աչքերը, և տեսեք, որ սա ընդամենը թուրք-ադրբեջանական տանդեմի տնային հանձնարարականի մի էջն է:

Նրանք անընդհատ հիշեցնում են, որ Հայոց Եկեղեցին խոչընդոտում է իրենց ծրագրերին, որովհետև Վեհափառը շարունակում է խոսել Արցախի և արցախցու մասին, իսկ իրականում Արցախն ընդամենը մի պարան էր մեր երկրի վզին, որից ներկա իշխանությունը հաջողությամբ ձերբազատվեց և ձեր ողորմելի օգնությամբ փորձ է անում ազատվել «վերջին թոկից»:

Քանի ուշ չէ, կանգ առեք, այլապես դուք լավագույն դեպքում կհամալրեք Իսրայելի այն սուտ մարգարեների շարքը, ովքեր օրվա թագավորին ի հաճություն, քարոզում էին մոտալուտ խաղաղության մասին. «Իմ ժողովրդի դստեր վերքը նրանք բուժում էին արհամարհանքով և ասում. «Խաղաղությո՜ւն է, խաղաղությո՜ւն», մինչդեռ խաղաղություն չկար» (Երեմիա, 8:11)

ՈՒստի ես միանում եմ նկարի աջակողմյան իմ հոգևոր եղբայրներին, ովքեր գիտեին, թե ինչպես է հաստատվում իրական ու արժանապատիվ խաղաղությունը և հանուն դրա չխնայեցին իրենց կյանքը:

Տեր Վաչագան քահանա ԳՅՈՒՐՋՅԱՆ

Դիտվել է՝ 897

Մեկնաբանություններ